Զավեն Թագակչյան
Զավեն Թագակչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 18, 1944 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | փետրվարի 7, 2023 (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969) |
Պարգևներ |
Զավեն Պետրոսի Թագակչյան (մայիսի 18, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2023, Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2009)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Թագակչյանը ծնվել է 1944 թվականի մայիսի 18-ին Երևանում։ 1963 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումարանը, 1969 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան։ 1966 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի աշխատող (1993 թվականից՝ ավագ գիտաշխատող), 1986 թվականին՝ Ա. Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ։ 1971-1972 թվականներին դասավանդել է Կապանի երաժշտական ուսումնարանում, 1972-1981 թվականներին՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումարանում։
1987-1993 թվականներին եղել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի «Հայասա», 1981 թվականից՝ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի «Գորանի» մանկական երգի-պարի անսամբլների գեղարվեստական ղեկավար։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Թագակչյանը կազմել, ծանոթագրել ու խմբագրել է Մ. Թումաճանի «Հայ երգ ու բան» հավաքածուի 1–4-րդ հատորները (1972, 1983, 1986, 2005)[2], «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 3–9-րդ պրակները (2010-2014)։ Մասնակցել է Ջավախքի՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի, Երևանի պետական կոնսերվատորիայի և ՀԿՄ միացյալ (1967) և անհատական գիտարշավների։ Հայաստանի կառավարության հրավերով 1966 թվականի հոկտեմբերին Երևան է ժամանել Կոմիտասի հինգ սաներից մեկը` բանասեր, բանահավաք, ազգագրագետ ու երաժշտագետ, գրախոս ու քննադատ Միհրան Թումաճանը (1890-1973), Կոմիտասի սաներից միակը, ով իր կյանքի վերջին տարիներին ապրել ու ստեղծագործել է հայրենիքում։ Թումաճանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնում։ 40 տարիների ընթացքում նա հավաքել էր արևմտահայ տարբեր օջախների` Սեբաստիայի, Ակնի, Շատախի և այլ գավառների երկու հազար երգեր, որոնք հրատարակության է նախապատրաստել «Հայրենի երգ ու բան» վերնագրով։ Արվեստի ինստիտուտի ղեկավարությունը հանձնարարել է երիտասարդ երաժշտագետներ Ալինա Փահլևանյանին, Արաքսի Սարյանին և Զավեն Թագակչյանին՝ «նեցուկ լինել 76-ամյա հմուտ երաժշտագետ-բանահավաքին նրա առաքելության մեջ»։ 1966-1973 թվականներին Մ.Թումաճանը հասցրել է հրատարակել իր հարուստ հավաքածուի մի մասը միայն։ Արևմտյան Հայաստանի ավանդական երաժշտության և բանահյուսության՝ Մ.Թումաճանի գրանցած արժեքավոր հավաքածուն Արվեստի ինստիտուտը հրատարակել է հետմահու։ Միհրան Թումաճանի «Հայրենի երգ ու բան» հավաքածուի և՛ 3-րդ (1986), և՛ 4-րդ (2005) հատորները կազմել, ծանոթագրել ու խմբագրել է Կոմիտասի սանի սան Զավեն Թագակչյանը։
1985 թվականին Զավեն Թագակչյանի ղեկավարությամբ ձայնագրվել է Թբիլիսիի, Մառնեուլի, Թեթրի Ծղարոյի և Բոլնիս-Խաչենի, Շահումյան ավանի հայաշատ վայրերում, 1987 թվականին՝ Արտաշատի շրջանի գյուղում գրառված ավանդական երաժշտությունը։ Հավաքել է շուրջ 2500 ժողովրդական երգ ու նվագ, որոնց մեծ մասը վերծանել-նոտագրել ու հրատարակել է «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի պրակներում («Հայ երկրագործի աշխատանքային երգեր», 2009, «Վասպուրականի ավանդական երգեր և նվագներ», 2010, «Ջավախքի պարերգեր և պարեղանակներ», 2012, և այլն), մի շարք հեղինակների գիտական աշխություններում ու հոդվածներում։ Հայ ավանդական երաժշտարվեստի, այդ թվում՝ գիտարշավների ընթացքում գրառած նորահայտ գիտական-գեղարվեստական արժեք ունեցող նմուշներ է ներկայացրել համերգ-դասախոսություններում, վարել ռադիո և հեռուստատեսային հաղորդումեր։
Ատենախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ Զ.Թագակչյանը զբաղվել է ժողովրդական աշխատանքային երգերի կարևոր տեսակներից մեկի՝ հորովելների համակարգման հարցերով, բազմիցս ելույթներ է ունեցել գիտաժողովներում։ Տասնամյակների գիտական աշխատանքի հանրագումարն է «Հայոց երկրագործական աշխատանքային երգերի` հոռովելների երաժշտալեզվական առանձնահատկությունները. ձայնակարգային կառույցներ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը (գիտական ղեկավար՝ Ալինա Փահլևանյան), որի հրապարակային պաշտպանությունը տեղ է ունեցել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի 016 մասնագիտական խորհրդի՝ 2009 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում, և գիտական աստիճանաշնորհման խորհուրդը նրան շնորհել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Զավեն Թագակչյանի ատենախոսությունը նվիրված էր հայկական ժողովրդական երգարվեստի հիմնական տեսակներից մեկի` հորովելների երաժշտալեզվական հատկանիշ-ձայնակարգերի ամբողջական պատկերի լուսաբանմանը։ Ուսումնասիրությունը հիմնված էր մասնագիտական գրականությանը հայտնի նմուշների, նաև Արվեստի ինստիտուտի ձայնադարանի գիտարշավային նյութերի վրա։ Աշխատության հիմքը հանդիսացող հորովելների ձայնակարգերի համակողմանի քննությունը, դասակարգումն ու տիպաբանությունը կառուցվել են հայ ֆոլկլորագիտության մեջ հաստատագրված վերլուծական մեթոդաբանության վրա։ Ատենախոսության հատկանիշներից էր նաև քիչ ուսումնասիրված երաժշտաբարբառային հատկանիշների մեկնաբանումը։ Միաձայնակարգ, երկձայնակարգ ու բազմաձայնակարգ 140 նմուշներից դուրս բերված 48 տիպային բազմազան կառույցներն ու դրանց 80 տարբերակները ներկայացվել էին բացատրություններով ուղեկցվող հարացույցներով։
Ֆոլկլորագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Թագակչյանը ծավալել է նաև ֆոլկլորագիտական գործունեությունը և մասնակցել «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 2-6-րդ, 8-9-րդ և 11-12-րդ պրակների (2008-2015) կազմմանը, ծանոթագրմանն ու խմբագրմանը։
Բանահավաքչական ծավալուն գործունեության ընթացքում երաժշտագետ-ֆոլկլորագետը 1967-ին մասնակցել է Ջավախքի՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության միացյալ գիտարշավին, Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտարշավների հավաքչական աշխատանքներին՝
- ՎԽՍՀ Թբիլիսի քաղաք և Թելավիի շրջան (1984),
- Թումանյանի շրջան (1991),
- Վայոց Ձոր (1997-1998),
անհատական գիտարշավների՝
- ՎԽՍՀ Ախալքալաքի և Բոգդանովկայի (Նինոծմինդա), (1970),
- Ծալկայի (1971) շրջաններ,
- ՀԽՍՀ Վարդենիսի և Մարտունու (1976),
- Ապարանի և Թալինի (1977) շրջաններ,
- Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղ (1985)։
1977 թվականին փաստագրական ֆիլմերի «Երևան» ստուդիան Թալինի շրջանում նկարահանեց Պատմական Հայաստանի Տարոն գավառի երգարվեստին նվիրված «Գորանի» ֆիլմը։ Զավեն Թագակչյանը երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանի համահեղինակությամբ գրել է ֆիլմի սցենարը, կարևոր դեր խաղացել իբրև ֆոլկլորային խորհրդատու՝ նկարահանման նյութերն ընտրելիս, և մասնակցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Զավեն Թագակչյանն արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Թագակչյան, ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՒՄ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երևան, 2022։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Մայիսի 18 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 7 մահեր
- 2023 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Արվեստագիտության թեկնածուներ